Դիետոլոգը թվարկել է այն մթերքները, որոնք կօգնեն պահպանել կազմվածքը 40 տարեկանից հետո

Սննդաբան Քերոլայն Թոմասոնը թվարկել է լավագույն սպիտակուցային մթերքները, որոնք կօգնեն նիհարել 40 տարեկանից հետո։ Նրա խորհուրդները ներկայացնում է «Eat This, Not That!» պարբերականը։

Ըստ Թոմասոնի՝ սպիտակուցն օգնում է երկար ժամանակ քաղց չզգալ: Այն թույլ է տալիս չչարաշահել և խուսափել ավելորդ սնունդ ընդունելուց: Դիետոլոգը խորհուրդ է տալիս սննդակարգում սաղմոն ավելացնել, քանի որ այն հարուստ է սպիտակուցներով և Օմեգա-3 ճարպաթթուներով:

Սննդաբանը նաև խորհուրդ է տալիս օրական առնվազն մեկ ձու ուտել։ Նրա խոսքով՝ այս մթերքը, բացի սպիտակուցից, պարունակում է վիտամին D, խոլին և երկաթ։ Թոմասոնը նաև նշում է, որ սննդակարգում կարելի է ներառել հունական յուգուրտ և վրան ավելացնել հատապտուղներ, գրանոլա և դարչին:

Արաքսյա Մելիքյանն ու Անդրանիկ Զաքարյանը մկրտել են երեխաներին (լուսանկարներ)

Դերասան-ամուսիններ Անդրանիկ Զաքարյանը և Արաքսյա Մելիքյանն օրեր առաջ կազմակերպել են իրենց երեխաների մկրտության արարողությունը: Այս մասին գրում է BRAVO.am-ը։

«Երեխաներն արդեն մի քանի տարի է՝ ցանկանում էին մկրտվել, հաղորդումներից մեկի ժամանակ անգամ անկեղծացան, եւ զվարճալի տեսանյութ ստացվեց։ Մենք էլ զբաղվածության պատճառով անընդհատ հետաձգում էինք, մի տեսակ լուրջ չէինք վերաբերվում, համավարակի ժամանակ էլ բազմամարդ հավաքներն արգելվեցին: Հետո կեսկատակ ասում էինք՝ դե երրորդին էլ ունենանք, նոր: Ձգձգվեց այնքան, մինչեւ դանակը հասավ ոսկորին: Կանգում էին մեր դիմաց ու ասում՝ «Էս ամի՞ս էլ մեզ չեք կնքելու»: Եվ քանի որ մենք երբեք էլ ազատ օրեր չենք ունենալու, եւ Փառք Աստծո, որոշեցինք «խցկվել» ազատ ժամերի մեջ։ Ու եղավ այն, ինչ պիտի լիներ»,- պատմել է Արաքսյան:

Զույգի որդին 14 տարեկան է, աղջիկը՝ 9 տարեկան: Դերասանուհու խոսքով՝ երեխաների կնքահայրն ամուսնու 40 տարվա ընկերն է՝ Հայկը Բալայանը, որը նաեւ իրենց ամուսնության քավորն է։

«Առիթը նշել ենք մեծ շուքով, ինչպես ցանկանում էին երեխաներս: Երբ սրահը լեփ-լեցուն էր ի սրտե քեֆ անող ու շնորհավորանքներ հեղեղող հյուրերով, երեխաներս հուզված ասացին՝ «Էսքան մարդ մե՞զ համար են եկել»: Կարծում եմ՝ մկրտությունը, ինչին նրանք այդքան ձգտում էին, այդ առիթով հավաքույթները ստացվեցին բարձր մակարդակով», – ասել է դերասանուհին:

Արաքսյայի խոսքով՝ մկրտությունը երեխաների գիտակցված որոշումն էր. «Ստացան Անանիա եւ Աննա անունները: Վերջինը նաեւ իմ վաղամեռիկ մոր անունն է: Իրենք իսկապես ձգտում էին կրելու սուրբ մյուռոնը»:

Alexander McQueen-ի թանկարաժեք զգեստով․ Ադելը սիրելիի հետ ներկայացել է հարսանիքի (լուսանկարներ)

Երգչուհի Ադելը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում. և եթե մի քանի օր առաջ համացանցի օգտատերերը քննադատում էին Ադելին իր երկրպագուների հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար, ապա այսօր նրանք քննարկում են երգչուհու և իր սիրելիի՝ սպորտային գործակալ Ռիչ Փոլի բացառիկ լուսանկարը, որը հայտնվել է Instagram-ում։

Անցած շաբաթվա վերջին Ադելը և Ռիչ Փոլը ներկա են եղել մոդել Քեյթ Բոքի և բասկետբոլիստ Քևին Լավի հարսանիքին։ Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքում, երգչուհին ներկայացել է Alexander McQueen-ի 6900 եվրո արժողությամբ զգեստով։ Փոլն ընտրել է դասական սմոքինգ:

Ադելը նախկինում ամուսնացած է եղել ամերիկացի գործարար Սայմոն Քոնեցկիի հետ։ Նախկին ամուսիններն ունեն ինը տարեկան որդի՝ Անջելոն։

Հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան

2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

«Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ` վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018 թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո:

Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար»,-նշել է նա:

ԱԺ-ն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հեռացրեց փոխնախագահի և հանձնաժողովի նախագահի պաշտոններից

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերը:

ԱԺ արտահերթ նիստում ինչպես այդ հարցերի քննարկմանը, այնպես էլ քվեարկությանը չեն մասնակցել երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորը: Քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որոնք բոլորը երկու դեպքում էլ կողմ էին քվեարկել:

Նախագծերը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, հիմնավորելով ընդդիմադիրներին պաշտոններից հեռացնելու իրենց նախաձեռնությունը, մասնավորապես նշել էր, որ Իշխան Սաղաթելյանը ձախողել է կատարել ԱԺ փոխնախագահի իր լիազորությունները: Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի հունվարի 17-ից հունիսի 29-ը ներառյալ, այսինքն՝ 2022 թվականի առաջին օրացույցային կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա: 8-րդ գումարման ԱԺ խորհուրդն իր ձևավորման պահից գումարել է թվով 25 նիստ, Իշխան Սաղաթելյանը միայն 7-ին է ներկա եղել: «Այսպիսով, թե ԱԺ լիագումար նիստերից, թե խորհրդի նիստերից հաճախակի բացակայությունների պատճառով Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները»,- նշել էր Ջուլհակյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, հիմնավորելով Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման իրենց նախաձեռնությունը, նշել էր, որ 8-րդ գումարման առաջին օրացույցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին, ԱԺ 8-րդ գումարման ընթացքում հրավիրված 25 խորհրդի նսիտերից բացակայել է 20 անգամ: ԱԺ-ն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: ԱԺ 8-րդ գումարման ընթացքում ԱԺ նտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական և արտահերթ նիստեր, նախագահ Վահե Հակոբյանը նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել թվով 11 նիստ: Այնուհետև քարտուղարությանը հանձնաժվող վերոնշյալ թվով նիստերի օրակարգերը և արձանագրությունները նրա կողմից չեն ստորագրվել, հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերը մնացել են անպատասխան:

Իշխանական պատգամավորները հայտնել էին, որ ՔՊ-ն հետագայում մտադիր է ԱԺ փոխնախագահ և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել ընդդղիմադիրների, որոնք հավուր պատշաճի կկաատարեն իրենց պարտականութունները:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տևական ժամանակ է, ինչ չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին, նրանք փողոցային պայքար են սկսել:

Ի՞նչ զարմանալի փոփոխություններ կկատարվեն օրգանիզմում, եթե սննդաբաժնում կեռաս ներառվի

«Ռոսպոտրեբնադզոր»-ի Պենզայի մարզի փորձագետները նշել են կեռասի օգտակարության եւ այն մասին, թե ինչպես ընտրել պտուղը։ Նրանք պատմել են նաեւ, թե ինչպես է կեռասն ազդում նիհարելու գործընթացի վրա, տեղեկացրել է ProГород պորտալը։

Կեռասը օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը, նպաստում ճարպի այրմանը, մաքրում է մաշկը, բարելավում հիշողությունն ու անգամ քունը։ Քնելուց առաջ մի քանի հատիկ կեռաս կերեք՝ եւ քնելն ավելի կհեշտանա, խորհուրդ են տվել գերատեսչությունում։

Կեռասը ցածր կալորիականություն ունի. 100 գրամ մթերքը 50-56 կիլոկալորիա է պարունակում։ Դրանում թթուներն ավելի քիչ են, քան նրա մերձավոր «ազգականի»՝ բալի մեջ։ Ուստի, կեռաս, սակայն չափավոր, կարող են ուտել անգամ նրանք, ովքեր տառապում են այրոցով։ Այդ հատապտղի մեջ բավական շատ է С վիտամինը. 100 գրամ կեռասը կբավարարի օրգանիզմի 10 տոկոս օրական պահանջը։ Իսկ նրա հանքային կազմը ասես հատուկ ստեղծված է ձմռանը թուլացած իմունիտետի ամրապնդման համար. կեռասի մեջ կան թե՛ մագնիում, թե՛ մանգան, թե՛ երկաթ, ինչպես նաեւ պղինձ, կալիում եւ կալցիում։ Բժիշկները խորհուրդ են տալիս կեռաս ուտել նրանց, ովքեր արյան որակի բարելավման եւ անեմիան բուժելու կարիք ունեն։

Օգտակար է ոչ միայն պտուղը, այլեւ նաեւ նրա պտղակոթը։ Կեռասի «պոչիկներից» թուրմ են պատրաստում։ Այն ուժեղ միզամուղ հատկություն ունի, օրգանիզմից դուրս է բերում միզուղու անոթների վնասակար նյութերը եւ միզաթթվի աղերը (ուրատները)։ Թուրմն օգտագործում են որպես հոդատապի, այտուցվածության, միզապարկի քարերի, միզաթթվային դիաթեզի եւ հիպերտոնիայի բուժման ժողովրդական միջոց։ Վերցրեք 8-10 հատ կեռաս, մեկ բաժակ ջուր եւ եռացրեք։ Թողեք սառչի եւ օգտագործեք սովորական թեյի նման։

Կեռասի համը կախված է նրա տեսակից եւ պտուղների գույնից։ Բաց գույնի պտուղներն ավելի նուրբ են, դրանց համը մի փոքր ավելի թթու է, դրանք բավականաչափ ջուր են պարունակում եւ հիանալի թարմացնում են։

Մուգ գույնի պտուղներն ավելի հագեցած ու քաղցրահամ են։ Դրանցում պարունակվում է А վիտամինի եւ երկաթի առավելագույն քանակություն։ Վարդագույն կեռասը ռեկորդակիր է С վիտամինի պարունակությամբ։

Բայց եթե ալերգիա ունեք, ավելի լավ է ընտրեք սպիտակ տեսակները, որովհետեւ դրանք ավելի չեզոք են եւ ռեակցիաներ չեն առաջացնում։

Ո՞ր մթերքներն են օգտակար վահանաձեւ գեղձի համար

Սննդաբան Մարինա Երմոլովան SOLENKA.INFO https://solenka.info/-ին տված հարցազրույցում պատմել է, որ վահանաձեւ գեղձի աշխատանքը բարելավելու համար պետք է հետեւել մի շարք պարզ կանոնների եւ ճիշտ քանակությամբ յոդ պարունակող սնունդ ուտել: Դա կարեւոր է նաեւ այդ օրգանը հորմոնալ խանգարումներից պաշտպանելու համար:

Վահանաձեւ գեղձի հիվանդությունների կանխարգելման համար սննդաբանը խորհուրդ է տալիս սննդակարգում յոդով, հանքային աղերով, վիտամիններով, սպիտակուցներով եւ միկրոտարրերով հարուստ մթերքներ ներառել։ Այդպիսի սննդակարգի շնորհիվ, եթե մարդը հիպոթիրեոզ ունի, օրգանիզմ օրգանական յոդ է մտնում, ինչը թույլ է տալիս խուսափել թթվածնի պակասից եւ բջջի «հասունացումից», միոմների, հանգույցների, ուռուցքների առաջացումից։

Նա կարեւոր է համարում սննդակարգում նվազագույնի հասցնել մսի օգտագործումը՝ այն փոխարինելով ծովամթերքներով։ Խոսքը, օրինակ, ձկների, ծովախեցգետնի, խեցգետնի, միդիաների, ջրիմուռների մասին է։ Բացի այդ, ավելորդ չի լինի լոբազգիների եւ հացահատիկների օգտագործումը։ Երմոլովան հայտնել է վարսակի, ցորենի, գարու եւ լոբու բողբոջած հատիկներ ուտելու կարեւորության մասին: Կարելի է նաեւ ջրի վրա նաեւ վարսակ, բրինձ, հնդկաձավար, ոսպ, եգիպտացորեն, ոլոռ, սոյայի հատիկներ պատրաստել:
Բացի այդ, ինչպես ընդգծել է սննդաբանը, վահանաձեւ գեղձի աշխատանքի բարելավման համար պետք է թարմ բանջարեղենից աղցաններ ընտրել։ Դա կարող է լինել բողկը, գազարը, ձմերուկը, սոխը, լոլիկը, նեխուրը, սխտորը, սպանախը։ Մի անտեսեք նաեւ բողկը, վարունգը, կաղամբը, քաղցր պղպեղը, հազարը, ճակնդեղը, դդումը։ Ցանկալի է սննդակարգում մի քանի խաշած կարտոֆիլ ներառել, եփած բանջարեղենով աղցաններ պատրաստել։ Բժիշկը նշել է, որ պակաս կարեւոր չեն հատապտուղներն ու մրգերը՝ խնձորը, դեղձը, կեռասը, ելակը, տանձը, նարինջը, լոռամիրգը:
Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել սննդակարգում նուշ, հնդկական ընկույզ, պնդուկ եւ ընկույզ ներառել: Նա նշել է, որ սննունդը ավելի լավ է պատրաստել ձիթապտղի, արեւածաղկի, ընկույզի, եգիպտացորենի, քնջութի կամ սոյայի ձեթի մեջ: Ինչ վերաբերում է կարագին, ապա այն չպետք է օգտագործվի օրական 20 գ-ից ավել, կանխարգելման եւ բուժման համար կարեւոր է միայն զտված ֆիլտրացված ջուր խմել: Երմոլովան հավելել է, որ աղցանները ցանկալի է համեմել կանաչ համեմունքներով, սոյայի սոուսով, լոլիկով, կիտրոնի հյութով:

Հպարտությամբ ներկայացնում եմ հայկական այն ապրանքանիշերը, որոնց արտադրանքը կրում էի Ֆրանսիա եւ Մոնակո կատարած այցի օրերին. Աննա Հակոնյան

Աննա Հակոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հպարտությամբ ներկայացնում եմ հայկական այն ապրանքանիշերը, որոնց արտադրանքը կրում էի Ֆրանսիա եւ Մոնակո կատարած այցի օրերին»։

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

NYMEX բորսայի հունիսի 30-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 0.85%-ով և կազմել 1802.50 դոլար, արծաթի գինը նվազել է 3.34%-ով և կազմել 19.99 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 3.18%-ով և կազմել 884.60 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):